Հայկական ատոմային էլեկտրական կայանը (ՀԱԷԿ) գտնվում է Արարատյան դաշտավայրի արևմտյան կողմում` ք. Արմավիրից դեպի հյուսիս-արևմուտք 10կմ և մայրաքաղաք Երևանից դեպի արևմուտք 28կմ հեռավորության վրա:
ՀԱԷԿ-ը շահագործման է հանձնվել 1976 (առաջին ռեակտոր) և 1980 (երկրորդ ռեակտոր) թվականներին: ВВЭР-440 տիպի ատոմային ռեակտորները կատարելագործվել են և հարմարեցվել 8 բալ սեյսմակայունության տեղային պայմաններին` ստանալով նոր սերիական համար .ВВЭР-440/270: 1988թ. դեկտեմբերի 7-ին տեղի ունեցած երկրաշարժից հետո ԽՍՀՄ Մինիստրների խորհրդի որոշմամբ ՀԱԷԿ շահագործումը դադարեցվեց:
1993թ. Հայաստանի Հանրապետության կառավարությունը ընդունեց որոշում էներգետիկ ճգնաժամը հաղթահարելու համար նորից թողարկել ՀԱԷԿ-ը: Վերականգնողական աշխատանքների համար հրավիրվել են ԱՄՆ-ի (Bechtel), Ֆրանսիայի (Framatome), Ռուսաստանի (Росэнергоатом) և IAEA մասնագետները: 407,5ՄՎՏ հզորությամբ ВВЭР-440/270 ՀԱԷԿ-ի երկրորդ բլոկը շահագործման է թողարկվել 1995թ. նոյեմբերի 5-ին և աշխատում է առանց վթարային կանգերի: