Ոչ բլոկային մասում տեղադրված են գազամազութային БКЗ-320-140ГМ տիպի 5 շոգեկաթսաներ, յուրաքանչյուրը 320տ/ժ արտադրողականությամբ: Նրանցից սնվում են 2 ПТ-50-130 տիպի ջերմաֆիկացիոն տուրբիններ, յուրաքանչյուրը 50ՄՎտ էլեկտրական հզորությամբ և երկու Т-100-130 տիպի ջերմաֆիկացիոն տուրբիններ, յուրաքանչյուրը 100 ՄՎտ հզորությամբ: Տեղադրված են 6 սնող պոմպեր և կոնդենսատորների հովացման շրջանառու ջրամատակարարման համակարգ' 5 հատ թաց ջրահովարարներով:
Բլոկային մասում գործում է 4 էներգաբլոկ' 810 ՄՎտ գումարային հզորությամբ բլոկ (թիվ 4-ի անվանական հզորությունը 210 ՄՎտ է): Էներգաբլոկի կազմի մեջ են մտնում 640 (670) տ/ժ արտադրողականությամբ ТГМ -104 С տիպի գազամազութային շոգեկաթսաներ և К-200-130 (К-210-130) տիպի տուրբիններ: ТГМ -200-2МУЗ (թիվ 1 բլոկ) և ТГВ-200 Մ տիպի (թիվ 2.3.4 բլոկներ) 15,75կՎ լարման տուրբոգեներատորները միացված են 220կՎ լարման ցանցին 250000կՎԱ հզորություն ունեցող ТДЦ-250000/220 տիպի տրանսֆորմատորների միջոցով
Թիվ 1-ից 4 էներգաբլոկների կոնդենսատորների հովացման համար օգտագործվում են Գելլերի տիպի հովացման համակարգեր, որոնք մշակված և պատրաստված են Հունգարիայում: Դրանց կիրառման դեպքում վերանում են ջրահովարանում գոլորշիացման հետ կապված ջրի կորուստները և խիստ կրճատվում է բնությունից վերցվող ջրի քանակը: Գելլերի տիպի հովացման համակարգը ունի ջրի փակ կոնտուր:
Շրջանառու ջուրը, որը տաքանում է կոնդենսատորում, հովացվում է ջրահովարանի շրջագծով տեղադրված ալյումինից պատրաստված ռադիատորային հովացուցիչներում: Հովացնող օդի մատուցումը թիվ 1,2,3,4 ջրահովարանները իրականացվում է 120մ բարձրություն աշտարակի բնական քարշի միջոցով: Հովացման տաք կոնտուրում քիմիապես աղազրկված ջրի կիրառումը հնարավորություն է տվել մակերևույթային կոնդենսատորի փոխարեն կիրառել խառնման տիպի կոնդենսատոր, որը տնտեսապես ավելի շահավետ է, քանի որ այն ունի աննշան ջերմաստիճանային էջք (մոտ 0.5օ C) և չի պահանջում հաճախակի մաքրման ու նորոգման աշխատանքներ:
Մինչև 1993թ. Հրազդանի ՋԷԿ-ի համար որպես հիմնական վառելիք հանդիսանում էր մազութը, իսկ որպես պահուստային' բնական գազը:
Սկսած 1993թ-ից որպես հիմնական վառելիք օգտագործվել է բնական գազը, պահուստային վառելիք' մազութը: Գազամատակարարումը կատարվում է ՋԷԿ-ի տարածքին կից, գազի մատակարար ձեռնարկության հաշվեկշռում գտնվող ծախսաչափ հանգույցներից, որոնցից գազը խողովակներով տրվում է բլոկային և ոչ բլոկային մասերին, գազակարգավորիչ կետերին ու այնուհետև դեպի շոգեկաթսաները: